
«Եկել ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու Վազգեն Ա կաթողիկոսին ու դրանով ցանկանում ենք ցույց տալ նաեւ, որ ժողովուրդը դեմ է ոչ թե Հայ Առաքելական Եկեղեցուն, ոչ թե Հովվապետին ընդհանրապես, այլ` անձին», - ասում է ՀՊՏՀ ուսանողուհի, «ՀԳ»-ի ակտիվիստ Կարապետյան Թերեզան: «Ակցիայով ուզում ենք ապացուցել, որ երիտասարդությունը եկեղեցուց կտրված չէ, ուղղակի մենք բողոքում ենք բարձրաստիճան եկեղեցական, կարելի է ասել, «պաշտոնյաների» դեմ, որովհետեւ մեր այսօրվա սովորական պաշտոնյաներից ոչ մի բանով չեն տարբերվում: Մենք բողոքում ենք նրանց ապրելակերպի դեմ, որ հարիր չէ հոգեւորականին: Եկել ենք Մայր Աթոռ` մասնակցելու կիրակնօրյա պատարագի, աղոթելու առաջին հերթին մեր ժողովրդի բարօրության համար, որպեսզի պայքարի ելած ժողովուրդը հասնի իր նպատակին: Գնում ենք Վազգեն Ա-ի շիրիմի մոտ, քանի որ նա է հայ ժողովրդի արժանի զավակը` բարձր բարոյականությամբ ու մարդկային ամենալավ հատկանիշներով օժտված իրապես հոգեւոր հովիվ: Մենք կուզենայինք, որ հիմա մեր կողքին նրա պես կաթողիկոս լիներ: Գուցե այդ դեպքում հնարավոր լիներ խուսափել մարտի մեկի սպանդից... Համենայնդեպս Վազգեն Ա-ն հաստատ առաջինը չէր շնորհավորի ոչ լեգիտիմ նախագահին, այդ օրը կգնար իր ժողովրդի մոտ», - ասում է «ՀԳ»-ի ակտիվիստ Լիա Պողոսյանը: Եկեղեցու մոտ հավաքված արտասահմանցիներն ու սփյուռքահայերը, որ եկել էին պատարագի` կաթողիկոսին տեսնելու ակնկալիքով, մեծ հետաքրքրությամբ դիմավորեցին երիտասարդներին: Իսկ վերջիններս մոտեցան Վազգեն Ա-ի շիրիմին, բռունցքները վեր պարզած` մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը, ծաղիկներ դրեցին տապանաքարին, ապա ակտիվիստ Շահանեն ընթերցեց «Հատուկ գնդի» հայտարարությունը, որում մասնավորապես ասված էր. «Մենք, լինելով Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներ, այսօր եկել ենք այստեղ` մեր հարգանքի տուրքը մատուցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ի հիշատակին: Ամենածանր տարիներին նա եղել է իր ժողովրդի կողքին, միշտ պայքարել է անարդարության, ստի, կեղծիքի ու չարի դեմ: Անուրանալի է Վեհափառի դերը Հայաստանի անկախացման ու պետականության կայացման գործում: Բավական է հիշել, որ հանուն իր ժողովրդի իրավունքների նա դիմել է անգամ ամենածայրահեղ միջոցի` հացադուլի: ...Այսօր Հայաստանում կա 100-ից ավելի քաղբանտարկյալ, մեկ տասնյակից ավելի հացադուլավոր, համատարած խախտվում են քաղաքացիների անգամ ամենատարրական իրավունքները: Եվ այս ամենի հետ մեկտեղ կաթողիկոսի բարձրագույն գահը զբաղեցնող անձը զարմանալիորեն լռում է: Մենք խորը վրդովմունքով ու ցավով ենք արձանագրում սա: ...Մի շարք բարձրաստիճան հոգեւորականներ փոխանակ համաձայն իրենց կոչմանն ու խղճի թելադրանքի կանգնեն ժողովրդի կողքին, լծվել են քոչարյանասերժական ավազակախմբի պաշտպանության գործին: Միաժամանակ ուրախությամբ պիտի նշենք, որ եկեղեցու հազարավոր սպասավորներ սատարում են Համաժողովրդական Շարժմանը ու պայքարում հանուն ազատ, անկախ, արժանապատիվ Հայաստանի: ...Մենք սթափության կոչ ենք անում բարձրաստիճան հոգեւորականներին ու հիշեցնում, որ նրանք կոչված են ծառայելու միմիայն Աստծուն, ժողովրդի ու եկեղեցու շահերին»: Հայտարարությունը կարդալուց հետո Շահանեն խմբին հարցրեց. «Ժողովուրդ, «Հայր մեր»-ը գիտե՞ք», ինչին ի պատասխան երիտասարդները միասին գոռացին. «Հա, գիտենք, ալբանացի չենք»: Ու բոլորը միասին բարձրաձայն սկսեցին աղոթել` հանուն հայ ժողովրդի բարօրության: Աղոթքից հետո նրանք մտան եկեղեցի, իբրեւ մարտի մեկի խորհրդանիշ մեկական մոմ վառեցին` ի հանգստություն անմեղ զոհերի հոգիների: Բայց ամենահետաքրքիրը դեռ առջեւում էր: Եկեղեցուց դուրս գալուց հետո երիտասարդները երկու շարքով կանգնեցին եկեղեցու մուտքի մոտ այնպես, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն, որ պիտի գար ու մասնակցեր կիրակնօրյա պատարագին (հավատացյալներն ու արտասահմանցիներն ասում էին, որ իրենց տեղեկություններով կաթողիկոսն այդ օրը ինքն է անցկացնելու պատարագը) ստիպված պիտի անցներ այդ երկու շարքերի միջով: Երիտասարդները պատրաստվում էին ձեռքերը բռունցք արած դիմավորել կաթողիկոսին` ի նշան բողոքի: Սակայն ի զարմանս արտասահմանցիների, սփյուռքահայերի ու երիտասարդների, կաթողիկոսն այդպես էլ չեկավ: Փոխարենը եկեղեցու տարբեր աստիճանավորներ խիստ ինտենսիվ այս ու այն կողմ էին վազվզում` խեթ-խեթ նայելով դրոշակակիր երիտասարդներին: Երբ մոտեցավ պատարագի ժամը, կաթողիկոսի փոխարեն հայտնվեց միջին վիճակագրական մի քահանա ու դիմելով երիտասարդներին` ասաց. «Իզուր մի սպասեք, կաթողիկոսը չի գալու, գնացեք ձեր տներով, ինքը մարդ ա ընդունում», ինչին ի պատասխան լսվեցին սփյուռքահայերի զարմացած ու հիասթափված բացականչությունները, իսկ երիտասարդներից մեկն էլ ասաց, որ իրենք եկել են ոչ թե Գարեգին Բ-ի մոտ աուդիենցիայի, այլ Մայր Աթոռ: Ինչեւէ, երիտասարդները համառ գտնվեցին ու դեռ մոտ մեկ ժամ կանգնեցին եկեղեցու մուտքի մոտ: Այդ ընթացքում նրանց էին մոտենում Եկեղեցու բակում հավաքվածները, հարցուփորձ անում, իսկ որոշներն էլ համոզում էին նրանց ցրվել: Ախր, ասում էին, եկել-հասել ենք Հայաստան, գոնե «կենդանի կաթողիկոս» տեսնենք:
Zhamanak.com
No comments:
Post a Comment