Wednesday, May 7, 2008

Բաց նամակ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար

մեծարգո պարոն Ջոզեֆ Փենինգթոնին

Հարգարժան պարոն Փենինգթոն.

Երկու ամիս առաջ` մարտի 3-ին, Հայաստանի ԿԳԲ-ն (անհնար է Ազգային անվտանգության ծառայություն անվանել Չարիքի կայսրության այդ մնացուկը) խուզարկեց իմ եւ ամուսնուս` Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանի բնակարանը: Անշուշտ, մեր տանը գրքերից բացի այլ բան չէր էլ կարող լինել, ուստի ԿԳԲ-ն տարավ այդ կուսակցության եւ «Երիտասարդ պահպանողականներ» հասարակական կազմակերպության կնիքները` դրանով իսկ դե ֆակտո արգելելով այդ կազմակերպությունների գործունեությունը:

Մորաքրոջս ընտանիքը բնակվում է ԱՄՆ-ում: Նախանցյալ տարի, երբ 20 տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ քաղաքացի մորաքրոջս որդին մի քանի օրով եկել էր Հայաստան, ինձ նվեր էր բերել մի հուշանվերային դաշույն: ԿԳԲ-ն չմոռացավ առգրավել նաեւ իմ այդ նվերը: Գիտե՞ք, կոմունիստների ժամանակ` 1985-ին, երբ ամուսինս ուսանող էր, նրան այլախոհական գործունեության մեջ կասկածելով, ԿԳԲ-ն էլի էր խուզարկել մեր բնակարանը, սակայն նույնիսկ այն ժամանակ իրեն թույլ չէր տվել մեր տանից տանել դանակներ, պատառաքաղներ ու այլ կտրող առարկաներ, թեկուզ` ոչ հուշանվերային:

Հարգարժան պարոն հավատարմատար, եթե ԱՄՆ-ից բերված այդ նվերը կասկածվում է որպես զենք ու չի վերադարձվում (թեկուզ երկու անգամ գրավոր դիմել եմ ե՛ւ ԿԳԲ-ի, ե՛ւ դատախազության ղեկավարներին), ուրեմն կոմունիստական ԿԳԲ-ի ավանդներին հավատարիմ խնդիր կա` ԱՄՆ-ին մեղադրել որպես ապօրինի զենք մատակարարող Հայաստանի ընդդիմության ղեկավարների կանանց: ԿԳԲ-ն իր հակաարեւմտյան դեմքը ոչ միայն չի փոխել, այլեւ ավելի լպիրշ է դարձրել: Խնդրում եմ, պահանջեք այդ կառույցից այդ «զենքը», եւ եթե Դուք էլ կկարծեք, որ դա զենք է, ապա Դուք էլ Ձեր երկրում պատժեք ապօրինի զենքի տեղափոխմամբ զբաղվող իմ զարմիկին, իսկ եթե ոչ` բացատրեք ԿԳԲ-ին, որ նվերը գողանալն ու այն վերադարձնելու գրավոր խնդրանքներին չպատասխանելը առնվազն անդաստիարակություն է:

Թեեւ գիտեմ, որ Ձեր պարտականությունների մեջ չի մտնում մեր երկրի ԿԳԲ-ին դաստիարակելը, սակայն այնուամենայնիվ փնտրում եմ Ձեր միջնորդությունը` խնդիրը պարզելու եւ գողոնը ետ ստանալու համար:

Նախապես շնորհակալ եմ ակնկալվող աջակցության համար:

Սյուզաննա Ալեքսանյան

ՀՀ քաղաքացի, Երեւանի թիվ 8 դպրոցի ուսուցչուհի

05.05.2008թ., ք.Երեւան

No comments: